Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը՝ այսօր` օգոստոսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11.40-ի սահմաններում Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ 53» մակնիշի 12 ՍՕ 251 համարանիշի և Արմավիր-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ» 0302 Լ համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, նախնական տեղեկություններով, 1 հոգի մահացել է, և կա 11 վիրավոր, ովքեր տեղափոխվել են Արմավիրի և Վաղարշապատի բժշկական կենտրոններ:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ մահացածը տղա է. այժմ իրավապահները փորձում են ճշտել նրա և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները և շտապօգնության մի քանի բրիգադ:
Ֆոտոլրագրողը նաև հայտնում է, որ մինչ իրավապահների և փրկարարների` դեպքի վայր ժամանելը` վիրավորներին առաջին օգնությունը ցուցաբերել են Արմավիրի ու Վաղարշապատի բնակիչները, ովքեր ականատես են եղել ավտովթարին:









































