Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսի 3-ի գիշերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Լոնդոն: Դրանից մեկ օր առաջ ոչ պաշտոնական աղբյուրներից արդեն իսկ հայտնի էր դարձել, որ Ալիևը չափազանց դժգոհ է Լոնդոնի Օլիմպիական խաղերում ադրբեջանցի մարզիկների ելույթներից և մտադիր է վերադառնալ Լոնդոն:
Ընդ որում՝ աղբյուրները հայտնում են, որ Ալիևի Լոնդոն վերադառնալու պատճառը ոչ թե մարզիկների ելույթներին անձամբ հետևելն է, այլ՝ սպորտի նախարարի, Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի և ֆեդերացիաների ղեկավարների հետ մարզիկների ելույթների ձախողման պատճառների պարզումը:
Բացի այն, որ ադրբեջանցի մարզիկները Լոնդոնում թույլ ելույթներ են ունենում, Ադրբեջանի ներկայացուցիչ Աղաջան Աբիևը հայտնվել է բռնցքամարտի մրցաշարին առնչվող սկանդալի մեջ և հեռացվել Լոնդոնից: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ ադրբեջանցի բռնցքամարտիկ Աբդուլհամիդովը որակազրկվել է և նրան պարտություն են գրանցել:
Նշվում է, որ Ադրբեջանի օլիմպիական հավաքականում մեծ թիվ են կազմում լեգեոներները, և ներկայիս դրությամբ օլիմպիական միակ մեդալը (բրոնզ) Ադրբեջանին պարգևել է բուլղարացի մարզիկը:








































