Հայաստանի հյուսիս-արևմտյան դարպասների` Բագրատաշեն Սադախլո սահմանահատվածում օգոստոսի 2-ից շահագործման է հանձնվել նոր սահմանային անցակետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից:
Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայությունը հին սահմանային անցակետը փոխարինել է նորով: Նախկին երկու` մուտքն ու ելքն ապահովող անցումներին եկել են փոխարինելու հինգը:
Թեև Հայաստանի սահմանը հատելու համար նախատեսված է երեք մուտք` սակայն սահմանապահ ջոկատի «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնի ղեկավարը ցանկացած պահի` կախված տրանսպորտային հոսքի ուժգնությունից կարող է օգտագործել սահմանային կետի հինգ անցումներից չորսը` կամ մուտքի, կամ ելքի համար:
Նորակառույց սահմանապահ անցակետն ապահովված է միջազգային չափանիշերին համապատասխան տեխնիկական միջոցներով, ինչը հնարավորություն է տալիս մարդատար ավտոմեքենաների ուղևորներին առանց մեքենայից դուրս գալու հատել սահմանը: Բացի այդ մեկ անցակետը միաժամանակ կարող է սպասարկել երկու տրանսպորտային միջոց: Այս ամենը թույլ կտա այսուհետ խուսափել տրանսպորտային միջոցների կուտակումներից և ուղևորների հերթերից:









































