Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ու Հարավային Կորեան ստորագրել են ազատ առևտրի մասին համաձայնագիր: Այն ստորագրել են Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը և Հարավային Կորեայի առևտրի նախարար Բակ Տաե Հոն:
Նշվում է, որ այդ համաձայնագիրը երկու երկրներին հնարավորություն կտա ապրանքաշրջանառության ծավալը երկու տարում հասցնել 10 միլիարդ դոլարի: Համաձայնագրի ստորագրման ժամանակ Չաղլայանը հայտարարել է, որ Թուրքիան ձգտում է ամրագրել Հարավային Կորեայի հետ իր տնտեսական ու առևտրային կապերը:
Չաղլայանը հիշեցրել է, որ 2011 թվականին Թուրքիայի ու Հարավային Կորեայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 7 միլիարդ դոլար, որոնցից թուրքական ապրանքների արտահանման մասնաբաժինը կազմել է 490 միլիոն դոլար: Ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման գլխավոր նպատակը երկու երկրների միջև առևտրային արգելքների վերացումն է և ներդրումների ներգրավման գործընթացի դյուրացումն է:









































