Արդեն տեղեկացրել էինք, որ 168.am-ի տեղեկություններով՝ օգոստոսի 8-ին, ամենայն հավանականությամբ, աշխատանքային այցով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ իրականում Պուտինն է Սերժ Սարգսյանին հրավիրել Մոսկվա` ԵվրԱզԷՍ-ին անդամագրվելու հարցում Հայաստանի դիրքորոշումը վերջնականապես հստակեցնելու նպատակով: Պուտինին վրդովեցրել է այդ հարցում Հայաստանի խուսափողական կեցվածքը, և նա, ըստ նույն աղբյուրի, Սերժ Սարգսյանից վերջնական պատասխան է պահանջելու:
ՀՀ նախագահի գրասենյակից փորձեցինք պարզել՝ նախատեսվա՞ծ է Սերժ Սարգսյանի այցը Մոսվկա: Սերժ Սարգսյանի գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից խորհուրդ տվեցին հարցն ուղղել մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանին, ով արձակուրդում է: Սակայն Արզումանյանի քաղաքային հեռախոսահամարը չի պատասխանում, իսկ բջջային հեռախոսահամարն անհասանելի է:
ՌԴ նախագահի մամլո ծառայությունից էլ չհերքեցին այցի վերաբերյալ տեղեկությունները, բայց նաև չհաստատեցին: «Եթե ձեր նախագահը՝ Սերժ Սարգսյանը, որևէ երկիր այց է կատարում, այդ մասին տեղեկություն անպայման լինում է նրա պաշտոնական կայքում: Հետևեք պաշտոնական կայքին. հիմա դա կարող ենք ձեզ խորհուրդ տալ»,- փոխանցեցին Կրեմլի մամլո ծառայությունից: Այնուամենայնիվ, փորձեցինք ճշտել՝ այցի վերաբերյալ պայմանավորվածություն կա՞, թե՞ ոչ: «Այս պահին ոչնչով ձեզ օգնել չենք կարող»,- պատասխանեցին ՌԴ նախագահի մամլո ծառայությունից:








































