Մեծ Բրիտանիայի և Ուրուգվայի հավաքականների միջև կայանալիք հանդիպումից առաջ Քրեյգ Բելամին հայտարարել է, որ վախենում է «Լիվերպուլ»-ի իր թիմակից Լուիս Սուարեսից:
Հանդիպումը կկայանա Կարդիֆի «Միլենիում» մարզադաշտում: Քառորդ եզրափակչում տեղ զբաղեցնելու համար Մեծ Բրիտանիայի ընտրանուն կբավարարի նաև ոչ-ոքի արդյունքը: Սակայն վալիացի վետերան Կրեյգ Բելամին վախենում է, որ Լուիս Սուարեսը կարող է վերջ տալ Մեծ Բրիտանիայի` օլիմպիական ոսկին նվաճելու հույսերին:
«Նա հիանալի խաղացող է: Բոլորին հայտնի է, որ Լուիսը կարող է ցանկացած իրադրությունում գոլային պահ ստեղծել: Նա միշտ փորձում է գոլ հեղինակել: Երբեմն թվում է, որ նա կորցրել է բոլոր հնարավորությունները, սակայն դա այդպես չէ: Այս փաստը Սուարեսին առավել վտանգավոր է դարձնում:
Ես ծանոթ եմ Կարդիֆին: Դա արտասովոր տարածք է: Ես տուն եմ վերադառնում»,- հայտարարել է Բելամին:
Նշենք, 33-ամյա Բելամին չնայած իր տարիքին՝ շարունակում է առանցքային դեր խաղալ Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում: 2 հանդիպումներում նա կարողացել է գոլ հեղինակել և 2 արդյունավետ փոխանցում կատարել:









































