Opera Software ընկերության բջջային բրաուզերի օգտատերերի թիվը ամսական կտրվածքով առաջին անգամ գերազանցել է 200 միլիոնը: Այդ նշագիծը Opera Mini և Opera Mobile բրաուզերները հատել են հունիսին: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ընկերության հաշվետվությանը:
Օգտատերերի ճնշող մեծամասնությունը (183 մլն մարդ) օգտվում է Opera Mini-ից:
Մեկ տարում բրաուզերների ամսական լսարանը աճել է 47 տոկոսով: 2012-ի հունիսին Opera Mini և Opera Mobile բրաուզերների օգտատերերը ընդհանուր առմամբ այցելել են 115 միլիարդ վեբկայք և համացանցից ներբեռնել 2 պետաբայթ տվյալներ՝ թրաֆիքի սեղմմամբ:
Opera Mobile-ն աշխատում է միայն սմարթֆոնների և պլանշետների վրա, մինչդեռ Opera Mini-ն հնարավոր է գործարկել Java-ով աշխատող սովորական բջջային հեռախոսների վրա:
Բջջային բրաուզերներից բացի` Opera Software-ը թողարկում է բրաուզեր նաև անձնական համակարգիչների համար: 2012-ի մայիսի վերջին մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Facebook-ն այդ ընկերությունը գնելու մտադրություն ունի:











































