Հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22.00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի փողոցի կամրջի հարևանությամբ իրար են բախվել «Մերսեդես G-550» մակնիշի և «Մերսեդես E-320» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով երկու «Մերսեդես»-ներն էլ հայտնվել են նշված հատվածում գործող ավտոլվացման կետի տարածքում` կոտրելով երկաթյա դուռը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնել է, որ մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, «Մերսեդես G-550»-ի վրայից հանել են համարանիշները:
Գագիկ Շամշյանը հայտնել է, որ համարանիշները եղել են 55 AV 555, իսկ «Մերսեդես E-320» համարանիշներն են 28 ԼՏ 228:
Վթարի վայրում հավաքվել են մեծ թվով հետաքրքրասեր քաղաքացիներ, և առաջացել էր հսկայական խցանում, ինչի համար դեպքի վայր ժամանեցին Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` Արաբկիրի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Անդրանիկ Առաքելյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրից մեկ հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանը:
Քննիչի հանձնարարականով երկու ավտոմեքենաները տեղափոխվելու են Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման տարածք:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ` պարզելու համար վարորդների և հիվանդանոց տեղափոխված անձի ինքնությունը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի









































