Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Էյդան Բերլին, որը Օլիմպիադա-2012-ի բացման արարողության սցենարն անվանել էր «բազմամշակութայնության վերաբերյալ ձախական անհեթեթություն», այսօր Twitter ցանցի իր էջում ներողություն է խնդրել հնչեցրած արտահայտությունների համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Բրիտանացի հայտնի ռեժիսոր Դենիել Բոյլի ծրագրով օլիմպիական մարզադաշտում ներկայացվել է Բրիտանիայի` ագրարային երկրամասից արդյունաբերական կայսրության վերափոխվելու պատմությունը: Այնուհետև ներկայացվել են սոցիալական ցնցումները, ցույցերը, պատերազմները, միգրացիոն ալիքները և արդյունքում` ժամանակակից պետությունը, որում բնակվում են տարբեր մշակույթների և մաշկի գույնի մարդիկ: Ի դեպ, Բոյլը Օսկար մրցանակի է արժանացել «Միլիարդատերը հետնախորշից» ֆիլմի համար:
Խորհրդարանականը գրել էր, որ ականատեսն է եղել Օլիմպիադայի բացման` ոգով ամենաձախական արարողությանը, որն ամենևին համեմատելի չէ Պեկինի խաղերի բացման հետ:
Նրա արտահայտությունները քննադատության ալիք էին բարձրացրել սոցիալական մեդիայում: Նրան քննադատել էին նույնիսկ կուսակից գործընկերները:








































