Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը ՄԱՀՀԻ հետազոտական ծրագրերի շրջանակներում ներկայացրեց իր պատրաստած «Հայաստանի տնտեսական անոթազարկը. գնահատելով 2017-ը և ուրվագծելով 2018-ի միտումները» վերտառությամբ զեկույցը:
Նրա նկատառմամբ` հայտնի է, որ ունենք բարձր աղքատություն՝ 29․4 տոկոս, գործազրկության մակարդակն էլ 18 տոկոս է: «Իմ հաշվարկներով՝ քանի որ կայուն ձեռնարկությունների թվաքանակն ավելացել է, և մասնավոր սեկտորում ավելացել է զբաղվածությունը, չնայած դրա մասին դեռ պետական մարմինները չեն արձագանքել, բայց 1-2 տոկոս գործազրկության մակարդակն իջնել է»,- նշեց նա:
Գագիկ Մակարյանը նաև նկատեց, որ ներկայիս կառավարության ծրագրի մի մասը սկսելու է հենց 2018թ․աշխատել: «Կարծում եմ՝ դրանց գործարկման ազդեցությունները նկատելի կլինեն, և հույսեր եմ կապում Եվրամիության հետ կնքված համաձայնագրի հետ, որը թույլ կտա գնալ ավելի գրագետ ճանապարհով և շարունակել նեգատիվ երևույթների նվազեցումը և դրանով ավելի մեծ զարգացումներ ապահովել: Համենայնդեպս, տնտեսական ցուցանիշները պետք է բարելավվել: Նույնիսկ 4-5 տոկոս տնտեսական աճի դեպքում, մենք շատ ճանապարհ ունենք անցնելու, որովհետև միգրացիան շարունակվում է, և տարածաշրջանային կոնֆլիկտները չեն նվազում»,- նշեց նա: