Իսրայելի ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդանը հավատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին, ով հայտարարել է, որ ինքը վերջին անգամ է երկարացրել Իրանի հետ «միջուկային համաձայնագրի» շրջանակներում պատժամիջոցների հանման գործընթացը և ընդգծել է, որ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան նույնպես նշաններ են ցույց տալիս իրանական ռեժիմի վրա ճնշում գործադրելու պատրաստակամության վերաբերյալ:
«Ես միանշանակ հավատում եմ նրան (ԱՄՆ նախագահին)… Մենք նաև տեսնում ենք, որ եվրոպացիները սկսում են հասկանալ, որ Իրանը պետք է փոխի իր վարքը… Ես կարծում եմ, որ գերմանացիները սկսում են պատրաստակամություն ցուցադրել իրանցիների վրա գործադրվող ճնշումը մեծացնելու հարցում: Ես համարում եմ, որ բրիտանացիները և ֆրանսիացիները նույնպես գնում են այդ ճանապարհով»,- հայտարարել է Էրդանը «Galey CAHAL» ռադիոալիքի եթերում:
Իսրայելի նախարարի խոսքերով, Իրանի գործունեությունը Սիրիայում և Լիբանանում, ինչպես նաև նրա բալլիստիկ և միջուկային ծրագրերը կհամոզեն եվրոպական երկրներին, որ ԱՄՆ նախագահի գործողությունները հիմնավորված և լուրջ են: «Ենթադրում եմ, որ 120 օր անց, երբ Թրամփը կրկին պետք է որոշում կայացնի ԱՄՆ-ի՝ Իրանի հետ համաձայնագրի մեջ մնալու կապակցությամբ, լուրջ փոփոխություններ տեղի կունենան»,- իր խոսքն է ավարտել Էրդանը: