Ֆուտբոլի Ադրբեջանի և Վրաստանի ազգային հավաքականներն արդեն իսկ սկսել են նախապատրաստվել այս տարվա սեպտեմբերին կայանալիք Ազգերի լիգայի խաղարկությանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը և Վրաստանը Բելառուսի և Մակեդոնիայի հետ ընդգրկված են D դիվիզիոնի առաջին զամբյուղում: Հունվարի 27-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք հավաքի ընթացքում Ադրբեջանը և Վրաստանը ընկերական հանդիպում կանցկացնեն: Ընդամենը 3 օր անց ադրբեջանցիները ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն՝ մրցելով Մոլդովայի հետ: Վերջինս ևս Ազգերի լիգայի D դիվիզիոնում է:
Ակնհայտ է, որ վերը թվարկված հավաքականները միմյանց մրցակիցներ են ընտրել D դիվիզիոնից, և կարելի է ասել, որ մեր հարևանները արդեն իսկ սկսել են նախապատրաստվել 2018-ի կարևորագույն մրցաշարին: Նշենք նաև, որ Անթալիայում ուսումնամարզական հավաք են անցկացնելու նաև Վրաստանի և Ադրբեջանի երիտասարդական հավաքականները և հունվարի 23-ին կմրցեն միմյանց հետ: Մինչև Ազգերի լիգայի խաղարկությունը պաշտոնական մրցավեճեր չեն լինելու, և ընկերական հանդիպումները միակ միջոցն են փորձարկումներ կատարելու և ուժերը ստուգելու համար:
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հունվարին ընկերական հանդիպում չի անցկացնելու: Այս պահին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկություն չի տարածել նախատեսված ընկերական հանդիպումների վերաբերյալ: Այս առումով ըստ էության մեկ քայլ ետ կմնանք մեր հարևաններից: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է D դիվիզիոնի երկրորդ զամբյուղում, և հավանական է, որ վրացիների հետ ընդգրկվենք միևնույն ենթախմբում:
Մինչև Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկը՝ 9 ամիս ժամանակ ունենք, որը, կարծում ենք, բավարար է պատշաճ կերպով նախապատրաստվելու համար: Ոմանք կարող են պնդել, որ ձմռան ամիսներին ընկերական հանդիպումներն անցկացնելը նպատակահարմար չէ և չի կարող դրական ազդեցություն ունենալ: Տարիներ շարունակ հունվարին և փետրվարին հայկական ակումբների զգալի մասն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում: Կարծում ենք՝ դա լավ առիթ է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի համար հավաքագրելու Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի փետրվարին Հայաստանի ազգային հավաքականը պետք է ընկերական հանդիպում անցկացներ Ուզբեկստանի ընտրանու հետ: Հունվարի 20-ին, սակայն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ վերջին շրջանում Թուրքիայի տարածքում հաճախակի բնույթ են կրում ահաբեկչական գործողությունները, և անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշում է կայացվել հրաժարվել այդ ընկերական հանդիպումից: Հայաստանի ազգային հավաքականի փոխարեն Անթալիայում Ուզբեկստանի հետ մրցեց «Ալաշկերտը»: Այս հանդիպմանը ներկա էր գտնվել նաև Արթուր Պետրոսյանը:
Ինչևէ, հուսանք, որ մինչև Ազգերի լիգայի խաղարկությունը Հայաստանի հավաքականը բավարար քանակությամբ ընկերական հանդիպումներ կանցկացնի: Արթուր Պետրոսյանը 2017 թվականի վերջին հայտարարել էր, որ մինչև Ազգերի լիգայի մեկնարկը Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումներ է անցկացնելու: Ամեն դեպքում այնքան էլ հաճելի չէ, երբ մեր հարևանները ստուգողական հանդիպումներ են անցկացնում, իսկ մենք՝ ոչ: Ժամանակին Հայաստանի ազգային հավաքականը ձմռանը մասնակցում էր Կիպրոսում տեղի ունեցող միջազգային մրցաշարին՝ անցկացնելով մի քանի հանդիպում: Այդ մրցաշարի վերանալուց հետո մեր հավաքականը հազվադեպ է ընկերական հանդիպումներ անցկացրել հունվար-փետրվար ամիսներին:
Արդեն իսկ նշել էինք, որ 2018-ը լինելու է հայ-ադրբեջանական ֆուտբոլային հակամարտության տարի: Ազգերի լիգայի խաղարկությունը առանձնահատուկ նշանակություն ունի նաև Ադրբեջանի հավաքականի համար: 2020 թվականի Եվրոպայի առաջնությունը կայանալու է նաև Ադրբեջանում, և մեր հարևանները միջոցներ չեն խնայի Ազգերի լիգայում հաղթելու համար: Ու թեև Հայաստանի ազգային հավաքականները ՈՒԵՖԱ-ի որոշմամբ կարող են հանդիպել միայն Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆում, հայ-ադրբեջանական ֆուտբոլային հակամարտությունը կարելի է սկսված համարել: Սկզբունքային մրցակից կարելի է համարել նաև Վրաստանին, որը ևս ֆավորիտ է համարվում D դիվիզիոնում:
Ազգերի լիգայի խաղարկության վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 24-ին:





































