Շոտլանդացի Մարկ Բոմոնտը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 79 օրում հեծանվով կատարելով շուրջերկրյա ճանապարհորդություն։ Ինչպես հայտնում է BBC-ն, նա ավարտել է շրջագայությունը սեպտեմբերի 18-ին, Փարիզի Հաղթական կամարի մոտ։
«Դա ամենաերկար 2.5 ամիսն էր իմ կյանքում, ամենասպառիչ փորձությունը, որին ես ենթարկել եմ իմ մարմինն ու ուղեղը։ Յուրաքանչյուր օրն ինքնին եղել է իմ ֆիզիկական և մտավոր դիմացկունության փորձություն»,-ասել է Բոմոնտը։
34-ամյա Բոմոնտը շուրջերկրյա ճանապարհորդության ուղևորվել էր հուլիսի 2-ին, Փարիզից։ Այդ ընթացքում նա հաղթահարել է 16 երկրի մոտ 29 հազար կմ տարածք։ Օրական նա միջինն անցել է 370 կմ։ Նա գերազանցել է նախկին համաշխարհային ռեկորդը 44 օրով։ Շոտլանդացին հայտնել է, որ ուղևորության հարցում իրեն ոգեշնչել է Ժյուլ Վեռնի «Աշխարհի շուրջը 80 օրում» վեպը։