Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը ամբողջությամբ ծանոթացել է գործի նյութերին, իր համար մի շարք հետաքրքիր հանգամանքնր են ի հայտ եկել, սակայն նա չցանկացավ խոսել այդ մասին: «Այո, ծանոթացել եմ, բայց այն, ինչ ես իմացել եմ գործի նյութերից, չեմ ցանկանում դրա մասին խոսել այս փուլում: Առայժմ չեմ կարող դրանց մասին խոսել, չեմ ուզում հրապարակել առայժմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քալաշյանը՝ հավելելով, որ գործով մեղադրական եզրակացությունը դեռևս դատախազության կողմից չի հաստատվել:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին «Իգլայի» գործով նախաքննության ավարտ հայտարարվեց: Նախաքննության ավարտին գործով անցնող մեղադրյալներ՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի, նրա մարտական ընկերոջ՝ Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի մեղադրանքները մեղմացվեցին: Նրանց մեղադրանքից հանվեց 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը (ռազմամթերքի մաքսանենգություն): Այսպիսով՝ նրանք մեղադրվում են միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Այս մեղադրանքով նրանց սպառնում է առավելագույնը 6 տարվա ազատազրկում:
Փոխարենը Սամվել Բաբայանին մեղադրանք առաջադրվեց փողերի լվացման մասով, որում նույնպես նա իրեն մեղավոր չի ճանաչում:
Արմեն Պողոսյանի պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ամբողջությամբ ծանոթացել է գործի նյութերին, և իր համար ոչ մի նոր բան չկա: «Առանձնապես ոչ մի բան էլ հայտնի չդարձավ: Ինչ կար՝ կար»,- ասաց Պողոսյանի պաշտպանը:
Առաջադրված մեղադրանքի մասով իր պաշտպանյալը ընդունում է իր մեղքը: Իսկ Սամվել Բաբայանը և իր պաշտպանյալը ոչ մի առնչություն չեն ունեցել, չեն ճանաչել իրար: «Այսքանը, այլ բան չեմ կարող ասել»,- ասաց Կիրակոսյանը: