ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը Ռուսաստանին մտցրել է կրոնական ազատությունների խախտող երկրների ցուցակ «Եհովայի վկաներ» կազմակերպությունը ծայրահեղական ճանաչելու համար: Այդ մասին ասված է կազմակերպության ամենամյա զեկույցում, հայտնում է RIA Novosti-ն:
«Այս տարի զեկույցը ԱՄՆ պետքարտուղարին առաջարկում է Ռուսաստանը ընդգրկել այն երկրների ցուցակում, որոնք հատուկ մտահոգություն են առաջացնում` ծայրահեղականության դեմ օրենքի օգտագործմամբ որպես գործիք տարբեր կրոնների բազմիցս սահմանափակումների համար: Վերջին դեպքում դա վերաբերվել է «Եհովայի վկաներին»,- ասված է չորեքշաբթի հրապարակված զեկույցում:
Այս տարի խախտող երկրների թիվը եղել է 16: Անցյալ տարվա ցուցակից մնացել են Բիրման, Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան, Սաուդյան Արաբիան, Սուդանը, Տաջիկստանը, Թուրքմենիան, Ուզբեկստանը, ինչպես նաև ավելացել են նորերը` Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, Նիգերիան, Պակիստանը, Ռուսաստանը, Սիրիան, Վիետնամը:
Զեկույցի եզրակացությունները կրում են հանձնարարական բնույթ և ԱՄՆ Կոնգրեսին ու վարչակազմին կոչ են անում «ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ անձնական հանդիպումներում մշտապես ընդգծել կրոնական ազատությունների կարևորությունը բոլորի համար և ամենուրեք արտասահմանում»: