Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հայտարարել է, որ «չափավոր» ընդդիմություն գոյություն չունի: Նախագահը նրանց անվանել է «ահաբեկիչներ»: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին Ասադը հայտարարել է Večernji list խորվաթական պարբերականին տված հարցազրույցում:
«Չափավոր ընդդիմություն գոյություն չունի: Գոյություն ունեցող ընդդիմությունը ջիհադիստական է: Այն նաև ենթարկվել է գաղափարախոսական մշակման, որը չի ընդունում ո՛չ երկխոսություն, ո՛չ խաղաղ լուծում, միայն ահաբեկչություն»,-ասել է նա:
Սիրիայի նախագահի խոսքով՝ այս ամենն է պատճառը, որ մինչ օրս չի հաջողվել ոչ մի համաձայնություն ձեռք բերել տվյալ ընդդիմության հետ: «Այդ ահաբեկիչները չեն կարող ընդդիմություն լինել և չեն կարող նպաստել հակամարտության լուծմանը»,-ընդգծել է նա:
Ասադը նաև նշել է, որ Սիրիայի կառավարությունը բանակցություններ է վարում ընդդիմության հետ, որպեսզի ապացուցի, որ նրանք ահաբեկիչներ են և այդպիսին էլ կմնան: