Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 2015 թվականի մարտին Տոկիո այցի ընթացքում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին առաջարկել է անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտնում է The Japan News-ը՝ խոշոր ճապոնական Yomiuri թերթի անգլալեզու հրատարակությունը։
«Սինձո, ինչո՞ւ չմիանալ ՆԱՏՕ-ին։ Ես կարող եմ համոզել բրիտանացի վարչապետ Քեմերոնին և ֆրանսիացի նախագահ Օլանդին»,- ասել է նա՝ ինչպես հաստատում է պարբերականը։
Նշվում է, որ Մերկելի առաջարկի իրագործումը քիչ հավանական է, սակայն անհարգալից չլինելու համար Աբեն նշել է, որ դա կարող է տեղի ունենալ ապագայում։
Ճապոնիայի վարչապետը հավելել է, որ «եթե մենք միանանք հիմա, ապա մեր բանակցությունները Ռուսաստանի հետ կդադարեն»։
Պարբերականն ընդգծում է, որ Ռուսաստանն արդեն տևական ժամանակ բացասաբար է վերաբերվում Եվրոպայում ՆԱՏՕ-ի շրջանակում զինվորականների թվաքանակի մեծացմանը։ Եթե Աբեն հրապարակայնորեն հայտարարեր դաշինքին միանալու Ճապոնիայի ցանկության մասին, ապա Ռուսաստանի հետ վիճելի տարածքների հարցի քննարկումը կմտներ փակուղի։
Մայիսի 6-ին Սոչիում ծրագրված է Աբեի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ նրանք կքննարկեն առևտրատնտեսական և մարդասիրական ոլորտներում Ճապոնիայի և Ռուսաստանի համագործակցության վիճակն ու զարգացման հեռանկարները։