«Մարդիկ գալիս են ինչ-որ ակնկալիքով: Դրա համար պետք է երկու բանից խուսափել, մնացածն ինչ կանեն՝ թող անեն: Առաջինը, որ որևէ գործողություն արյունահեղության չհանգի. միշտ դրա մեղավորները լինելու են բոլոր կողմերում, այդ թվում նրանք, ովքեր չեն մասնակցել այդ հանրահավաքին, միշտ այդ մեղավորության զգացողությունն ունենում են: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ անցյալի սխալները չկրկնենք, և առավել ևս արյուն այս գործընթացի մեջ չլինի»,- այս մասին այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա կարծիքով՝ կարևոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ ժողովուրդը հիասթափություն չապրի, հավատա իր ուժերին, չկորցնի հեռանակար տեսնելու հնարավորությունը:
«Եթե լինի իմ ասած երկուսից որևէ մեկը, ապա բոլորս ենք պրոբլեմ ունենալու»,- մտավախություն հայտնեց քաղաքական գործիչը:
Այն հարցին՝ արդյոք ժողովուրդը հիասթափվե՞լ է, թե՞ դեռ հույս կա, և այսօրվա հանրահավաքից ժողովրդի ակնկալիքները կարող են արդարացվել, Ռուստամյանը պատասխանեց. «Ես ասել եմ հոկտեմբերի 10-ի հետ կապված իմ տեսակետը: Անորոշությունները պահպանվել են այդ հանրահավաքից հետո, եթե չասենք, որ որոշ մասով էլ ավելացել են: Կարծում եմ, որ այս հանրահավաքի խնդիրն է այդ ամենը սրբագրել»:
Նրա կարծիքով՝ եթե դա հնարավոր լինի անել, ապա ավելի լավ կլինի, իսկ եթե ոչ՝ կխորանան այն միտումները, որոնք առաջացել են առաջին հանրահավաքի հետ կապված: