«Եդինայա Ռոսիա» կուսակցության երիտասարդական թևը` «Մոլոդայա գվարդիան», հայտարարություն է տարածել, որ համագործակցություն է իրականացնում Հայաստանի հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների երիտասարդական թևերի հետ։ Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում նշեց, որ համագործակցության հուշագիրը կնքվելէ 2007թ.-ին։ Իսկ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը, արձագանքելով մեր այն հարցին, թե այս համագործակցության արդյունքում ի՞նչ ծրագրեր են իրականացվել, ասաց. «Երկար ժամանակ մասնակցում ենք իրենց հավաքներին։ Իրենք մասնակցում են մեր երիտասարդական հավաքներին։ Հիմնական կարևորագույն էլեմենտը փոխադարձ շփումներն են։ Թե ինչի համար է այդ հայտարարությունը տարածվել` չեմ կարող ասել։ Միգուցե նրանց մոտ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։ Հավանաբար ԲՀԿ-ն նոր է ցանկանում նրանց հետ այդ համագործակցությունն իրականացնել և այդ պատճառով հերթական անգամ նման հայտարարություն է տարածվել»։