ՄԱԿ-ի մամլո ծառայությունը հայտնում է, որ Մերձավորարևելյան կարգավորման «Քառյակը» արտաքին գործերի նախարարների մակարդակով մոտակա ժամերին նիստ կգումարի: Քննարկմանը կմասնակցի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նախկինում «Քառյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Եվրամիություն ու ՄԱԿ) հանդիպման ժամկետ չէր նշվում, որոշումը կայացվել է՝ Մահմուդ Աբբասի կողմից Պաղեստինի անկախության մասին դիմում ներկայացնելուց անմիջապես հետո:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ում Մահմուդ Աբբասը ելույթ ունեցավ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից և հայտարարեց, որ պատրաստ է անմիջապես վերսկսել բանակցությունները Իսրայելի հետ:
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, ով նույնպես ելույթ ունեցավ նույն ամբիոնից, առաջարկեց Պաղեստինի առաջնորդին սկսել բանակցություններն անմիջապես ՄԱԿ-ում: Նա նշեց, որ ոչ ոք չի կարող իրենց խանգարել համաձայնության գալ, պետք է նստել և բանակցել, քանի որ թե՛ իր, թե՛ Աբբասի նպատակը խաղաղության հասնելն է:
ՄԱԿ-ում քաղաքական զարգացումների ֆոնին Պաղեստինում բախումներ են գրանցվել: Հարյուրավոր պաղեստինցիներ հավաքվել են Ռամալլահում և սպասում են իրենց անկախության հռչակմանը: Նրանց և իսրայելցի ոստիկանների հետ բախումների արդյունքում մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ:










































