«Օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիան և Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրությունը համարվում են ամենահաջողված միջազգային բնապահպանական համաձայնագրերը»,- այսօր մամլո ասուլիսի շրջանակներում նշել է «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում» ծրագրի համակարգող Լիանա Ղահրամանյանը:
Այսօր չկա որևէ երկիր, որը չի վավերացրել այդ բնապահպանական կոնվենցիան: Այն 20 տարուց ավելի է, ինչ ապացուցել է, որ աշխատում է և տալիս է զգալի արդյունքներ: ՀՀ-ն միացել է այդ երկու միջազգային բնապահպանական համաձայնագրերին 1999 թվականին: Երբ երկիրը վավերացնում է Մոնրեալի արձանագրությունը, դա նշանակում է, որ այն իր վրա պարտավորություն է վերցնում փոխարինել օզոնային քայքայող նյութերը երկրի ներսում, իսկ ինչպես փոխարինել՝ դա կատարվում է ազգային ծրագրի միջոցով:
2005 թվականից ՀՀ-ում սկսեց իրականացվել «Օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինում և սառնարանային տեխնիկայի կառավարում» ազգային ծրագիրը և այդ ծրագրի իրականացման համար ՀՀ բնապահպանության ներքո ստեղծվել է «Օզոնի ազգային կենտրոն», որն էլ զբաղվում է այդ ծրագրի իրականացմամբ: