Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում, Jeep մակնիշի ավտոմեքենան, Դավիթ-Բեկի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել և կողաշրջված վիճակում հայտնվել Թոխմախի գերեզմանների տարածքում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները: Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Գ. Ծառուկյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը: