Փետրվարի 12-ին ստեղծված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը լուծարվել է, փոխարենը վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթաց սկսելու մասին:
Ըստ այդմ, խորհրդի կազմում, մասնավորապես, ընդգրկվելու են արդարադատության նախարարը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, ՄԻՊ-ը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, մեկական ներկայացուցիչ ԱԺ խմբակցություններից, մեկ ներկայացուցիչ ԲԴԽ-ից, 3 ներկայացուցիչ արտախորհրդարանական ուժերից, երեք ներկայացուցիչ ՀԿ սեկտորից:
Քանի որ ամեն անգամ Հայաստանում սահմանադրություն փոխելիս Արցախում ևս Սահմանադրություն է փոխվել, փորձենք հասկանալ՝ Արցախում իրենց սահմանադրությունը բավարարարո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե նույնիսկ չի բավարարում, արդյոք Ադրբեջանը թույլ կտա, որ Արցախում սահմանադրական հանրաքվե լինի։
Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցում Արցախի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը նշեց, որ Արցախում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ որևէ նախաձեռնություն դեռ չկա. «Հնարավոր է՝ հետագայում լինի, բայց այս պահին այդ հարցը չի էլ քննարկվել»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Արցախը տարիներ առաջ անցում կատարեց սուպեր նախագահական կառավարման համակարգի, արդյոք այս տարիներին դժգոհություն եղել է այդ համակարգից, Աղաջանյանն ասաց. «Դեռևս դժգոհություններ չկան, նման հարց օրակարգում չկա»:
Նա ընդգծեց, որ այս պահին Արցախում կառավարման համակարգի փոփոխության հարց բարձրացնելը ժամանակավրեպ է. «Դեռ մենք շատ հարցեր ունենք կիսատ մնացած: Սոցիալական խնդիրներ կան և այլն: Այս պահին, իմ կարծիքով, այդ հարցը քննարկելու ժամանակը չի: նման առաջարկ կամ նախաձեռնություն Արցախի Ազգային ժողովում չի եղել որևէ խմբակցության կողմից»:
Հարցին, թե արդյոք խնդիրներ չի առաջացնում այն փաստը, որ երկրի նախագահը չափից ավելի լայն լիազորություններով է օժտված, նա արձագանքեց. «Այս պահին այնքան խնդիրներ կան, որ ձեր նշած հարցը նույնիսկ ուշադրության կենտրոնում էլ չի»:
Ինչ վերաբերում է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը, նա ասաց. «Հայաստանում սահմանադրության փոփոխության վերաբերյալ ես չեմ կարող որևէ բան ասել: Եթե փոփոխությունների են գնում, ուրեմն կարիքը կա»: