ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին: Փաստաթղթին իրավական ուժ տրվեց՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ համալսարանի գիտակրթական և գիտահետազոտական մեծ ներուժը, նաև իրավունքի ոլորտում գիտություն-պրակտիկա սերտ փոխգործակցությունն ապահովելու և անհրաժեշտ տեսական գիտելիքներ ունեցող պրակտիկ իրավաբաններ պատրաստելու՝ բուհի որդեգրած քաղաքականությունը:
Համագործակցության ուղղություններից է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի տարաբնույթ խնդիրների վերաբերյալ տեսական-գիտական ուսումնասիրությունների իրականացումն ու խորհրդատվական եզրակացությունների տրամադրումը: Բացի այդ, նախատեսվում է համալսարանի ուսանողների՝ ուսումնական ծրագրով նախատեսված նաև անհատական պրակտիկայի կազմակերպում և անցկացում պաշտպանի աշխատակազմում:
«Կարևորում եմ այս համագործակցությունը: Իմ համոզմամբ՝ Հայ-ռուսական համալսարանը կարևոր տեղ է զբաղեցնում մասնագիտական աշխատանքում, կարևորագույն նշանակություն ունի նաև երկրում կրթական գործընթացների կազմակերպման տեսանկյունից: Կարևորում եմ մեր միջև ձևավորվող համագործակցությունը: Մենք այն իրավական հիմքերի վրա ենք դնում»,- ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն էլ SHANTNEWS-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նպատակադրված են համատեղ մագիստրոսական ծրագիր ունենալ: Խոսելով առաջիկա անելիքներից՝ նա տեղեկացրեց.
«Այս տարվա ընթացքում նպատակադրված ենք խոշոր կոնֆերանս անցկացնել»:
Համագործակցությանն իրավական հիմք տալու ժամանակ էլ կողմերն ընդգծեցին՝ անելիքները թղթի վրա չեն մնալու՝ գործնականում դրսևորվելու է: