Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք իրոք անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրվելու կապակցությամբ, ինչի հետևանքով հայ զինծառայող է սպանվել, երկուստեք կան վիրավորներ»,- ասել է նա բրիֆինգում: Զախարովայի խոսքով՝ լարվածության աճը հակասում է կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին և քաղաքական ճանապարհով կարգավորման հասնելու հայտարարված մտադրություններին:
«Մենք ելնում ենք նրանից, որ հետագա էսկալացումն անթույլատրելի է, կոչ ենք անում դիմակայության մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ուժի գործադրումից, ձեռնարկել իրադրության կայունացմանն ուղղված միջոցներ»,- հավելել է Զախարովան: