Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հունիսին կարող է Իրան այցելել հնարավոր միջնորդական առաքելությամբ՝ նպատակ ունենալով նորմալացնել Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները: Այս ուղևորության վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ մայիսի 25-29-ը Ճապոնիա կատարելիք այցից հետո: Այդ մասին մայիսի 24-ին հայտնել է NHK հեռուստաալիքը:
Վարչապետի՝ Թեհրան հնարավոր ուղևորության հարցը կարող է, մասնավորապես, քննարկվել մայիսի 24-ին Տոկիոյում ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ Սինձո Աբեի զրույցի ընթացքում, գրում է Kyodo լրատվական գործակալությունը:
Մինչ այդ մայիսի 16-ին Աբեն Տոկիոյում բանակցություններ է վարել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Ճապոնիայի վարչապետը, այդ կապակցությամբ նշում է Kyodo-ն, մտադիր է հնարավոր միջնորդական առաքելության համար օգտագործել ինչպես Վաշինգտոնի, այնպես Էլ Թեհրանի հետ իր լավ հարաբերությունները: Նախորդ անգամ Ճապոնիայի կառավարության ղեկավարն Իրան է այցելել 1978 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: