System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ՝ նշելով, որ սա Հայաստանի պատմության համար իսկապես կարևորագույն իրադարձություն է և հաղթանակ։
«Ի՞նչ կարող եմ ասել։ Հայաստանի բնակչությունն իր ձայնը լսելի է դարձրել այնքան բարձր և հստակ, որ նախկին իշխող կուսակցությունները (ՀՀԿ, ՀՅԴ) նույնիսկ չեն կարողացել հաղթահարել 5%-ի շեմը՝ խորհրդարան մտնելու համար: Սա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մանդատ կտա հետագա բարեփոխումներ կատարելու և այնպիսի ծրագրեր իրականացնելու համար, որոնք երկրում կբերեն այդքան անհրաժեշտ տնտեսական զարգացման: Այն ձեռնարկությունները, որոնց նախկինում պաշտպանում էր պետությունը, որոնք տարիներ շարունակ ներգրավված են եղել ամոթալի կոռուպցիայի և Հայաստանի քաղաքացիների նկատմամբ անարդարությունների մեջ, կկանգնեն արդարադատության առջև կամ կվճարեն իրենց տուրքը։ Հայկական սփյուռքն այլևս չի կարող լինել հեռու դիտորդի դերում և սպասել, թե ինչ է տեղի ունենալու: Ամեն ինչ արդեն տեղի է ունեցել: Ժամանակն է մասնակցել մեր հայրենիքի հարստացման գործին: Սա Հայաստանի պատմության համար իսկապես կարևորագույն իրադարձություն է և հաղթանակ, որը մենք պետք է փայփայենք»,-գրել է Թանկյանը:
https://www.facebook.com/SerjTankian/posts/10156827789889798