Խայտառակ պարտությունից հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ֆանտաստիկ հաղթանակ տարավ: Մակեդոնիայի դեմ խաղում մեր ֆուտբոլիստները ոչ միայն ջախջախիչ արդյունք գրանցեցին, այլև աչքի ընկան գրագետ և դինամիկ խաղով: Այո, մերոնք անճանաչելի էին, և այսօր մեզ հուզող գլխավոր հարցը հետևյալն է. եթե կարող են այսպես խաղալ, ինչո՞ւ չէին խաղում:
Իրականում երեկ մեր հավաքականը խաղաց իր հնարավորությունների սահմանում: Տարիներ շարունակ տարբեր պատճառներով մերոնք ֆուտբոլ չէին ցուցադրում: Փորձենք հասկանալ՝ ինչը դարձավ մեր հավաքականի գլխավոր հաղթաթուղթը:
Մեր նախորդ հրապարակումներում վերլուծելով Ջիբրալթարի հետ հանդիպումը՝ այն որակել էինք զուտ մարզչական պարտություն: Մասնավորապես, նշել էինք, որ չէր կարելի հիմնական կազմում ընդգրկել խաղային պրակտիկա չունեցող Հրայր Մկոյանին: Միանգամայն սխալ էր Կամո Հովհաննիսյանին պաշտպանության ձախ եզրում օգտագործելը՝ պահեստայինների թվում թողնելով Գագիկ Դաղբաշյանին: Ճիշտ չէր Ռումյան Հովսեփյանին և Մարկոսին հիմնական կազմից դուրս թողնելը: Հասկանալի չէր Արտակ Գրիգորյանին և Տիգրան Բարսեղյանին մեկնարկային կազմում տեսնելը: Ու չնայած Ջիբրալթարի դեմ մերոնք, ասպես ասած, «վիզ դրած» էին խաղում՝ չաշխատող մեխանիզմը վերջնականապես փլուզվեց:
Նման սխալներից հետո դժվար էր հավատալ, որ 2 օրվա ընթացքում Գյուլբուդաղյանցը համապատասխան հետևություններ կանի և կվերակենդանացնի հավաքականը: Մակեդոնիայի հետ խաղում մեր մարզչի ընտրած կազմը կարելի է իդեալական համարել: Պաշտպանության կենտրոնում Մկոյանին փոխարինել էր Արտյոմ Խաչատուրովը, իսկ Կամո Հովհաննիսյանը տեղափոխվել էր իր համար հոգեհարազատ աջ եզր: Հենակետային գոտում տեխնիկապես գրագետ Ռումյան Հովսեփյանն էր: Գյուլբուդաղյանցի կարևոր քայլերից էր Հենրիխ Մխիթարյանին Հովսեփյանի հետ հենակետային գոտում խաղացնելը: Այս որոշումը ըստ էության անսպասելի էր Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզչի համար: Կիսապաշտպանության աջ եզրում Տիգրան Բարսեղյանի փոխարեն շատ ավելի բարձր որակներ ունեցող Սարգիս Ադամյանն էր: Մարկոսը ենթահարձակվողի դիրքում էր: Այսինքն՝ խաղադաշտում ունեինք ամուր թիկունք՝ ի դեմս Հարոյանի և Խաչատուրովի:
Ունեինք սուր և թիմին առաջ տանող կենտրոն՝ ի դեմս Մխիթարյան-Հովսեփյան խաղային զույգի: Ավելի ստույգ՝ ուժեղ կենտրոնը մրցակցի պաշտպաններին ստիպում էր կենտրոնանալ հենց կենտրոնական գոտու վրա, ինչի արդյունքում էլ վինգերներ Դաղբաշյանն ու Հովհաննիսյանը տարածություն էին ստանում:
Նշենք նաև, որ Գյուլբուդաղյանցը արագ կողմնորոշվեց Մարկոսի ցավալի վնասվածքից հետո: Մխիթարյանին առաջ բերելով՝ նա որպես երկրորդ հենակետային Հովսեփյանի հետ օգտագործեց Արտակ Գրիգորյանին: Վերջինս հաջող մտավ խաղի մեջ, և Մարկոսի բացակայությունը շատ զգացնել չտվեց: Խաղային այս մեխանիզմը ուղղակի քանդեց Մակեդոնիայի հավաքականի դիմադրությունը:
Գյուլբուդաղյանցը փոխել էր նաև սեփական կիսադաշտից դուրս գալու մարտավարությունը: Կարող ենք ասել, որ Գյուլբուդաղյանցն առաջին մարզիչն է, ում գլխավորությամբ Սարգիս Ադամյանը ցույց տվեց իր որակները:
Խայտառակությունից հետո Գյուլբուդաղյանցի նման ճշգրիտ փոփոխությունները պետք է որակել մեկ բառով՝ ֆենոմենալ: Մեր բոլոր ֆուտբոլիստները փայլուն հանդիպում անցկացրին, և հիմա ճիշտ չի լինի առանձնացնել որևէ մեկին: Այդուհանդերձ, որպես թիմի ավագ՝ անդրադառնանք նաև Մխիթարյանի գործողություններին: Ֆուտբոլասերը վերջապես տեսավ իր հավաքականի ավագի իրական «արսենալը»: Մխիթարյանն իր քայլերով ստիպեց Մակեդոնիայի պաշտպաններին անձնատուր լինել:
Ոմանք ասում են, որ այս հաղթանակը մրցաշարային առումով մեզ ոչինչ չտվեց, քանզի Մակեդոնիան Ազգերի լիգայի խաղարկության վերջին երկու տուրում հեշտությամբ կհաղթի Լիխտենշտեյնին և Ջիբրալթարին, դուրս կգա փլեյ-օֆ: Այո, հավանականությունը փոքր է, որ մենք ենթախմբում առաջին տեղը կգրավենք, բայց երեկվա հաղթանակով մեր ֆուտբոլիստները վերադարձրին ֆուտբոլը երկրպագուին: Ֆուտբոլն Ազգերի լիգայով չի ավարտվում: Չնայած Ջիբրալթարից կրած պարտության հարվածին՝ երկրպագուն երեկ մարզադաշտում էր: Սա ևս պետք է հաղթանակ համարել, քանզի երկրպագուն չէր «կոտրվել», ասել է թե՝ իրավիճակն իսկապես փոխվել է: Երկրպագուն, ցուցադրելով նախանձելի համառություն, վերջապես տոնեց իր հաղթանակը:
Ինչևէ, երեկ Ջիբրալթարի հավաքականը պատմության մեջ երկրորդ հաղթանակը տարավ պաշտոնական հանդիպումներում՝ սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասնելով Լիխտենշտեյնի նկատմամբ: Այս պահին ենթախմբի առաջատարը Մակեդոնիայի հավաքականն է՝ 9 միավորով: Ջիբրալթարը 6 միավորով երկրորդն է: Նույնքան միավոր ունենք նաև մենք, սակայն անձնական հանդիպումների ցուցանիշով Ջիբրալթարն առավելություն ունի: Վերջին 4-րդ հորիզոնականում է Լիխտենշտեյնը՝ 3 միավորով:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի նոյեմբերի 16-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարին: Այդ օրը Մակեդոնիան մրցակցի հարկի տակ կխաղա Լիխտենշտեյնի հետ: Վերջին տուրն էլ կկայանա նոյեմբերի 19-ին: Հայաստանը կրկին մրցակցի հարկի տակ կմրցի Լիխտենշտեյնի հետ, իսկ Մակեդոնիան կհյուրընկալի Ջիբրալթարին:







































