Սա այն քիչ դեպքերից մեկն է, երբ Սերժ Սարգսյանը ճշգրտորեն կատարեց իր խոստումը` գարուն մտանք հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումով: Քաղաքական որոշումը կայացված էր ավելի վաղ` դեռ անցած տարվա սեպտեմբերին, երբ Սերժ Սարգսյանն այդ մասին հայտնեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից:
Երեկ Սերժ Սարգսյանն ընդամենը պաշտոնականացրեց իր որոշումը` Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելով և հրամանագիր ստորագրելով: Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումով վերջակետ է դրվում կոնկրետ գործընթացի, սակայն Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում բազմակետերը միայն ավելանում են` անորոշ թողնելով իրադարձությունների զարգացման հեռանկարը:
Սերժ Սարգսյանի ելույթների շեշտադրումները Մյունխենի անվտանգության համաժողովում և Անվտանգության խորհրդի երեկվա նիստում որոշակիորեն տարբեր են: Բավարիայի մայրաքաղաքում Սարգսյանն ակնարկել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր հեռանկարների մասին` գլոբալ գործընթացը սահմանազատելով կոնկրետ արձանագրություններից: Այս իմաստով` Սարգսյանի մյունխենյան ելույթը շատ ավելի ռացիոնալ էր: Գուցե դա ուներ ոչ այնքան բովանդակային բաղադրիչ, որքան` լսարանային առանձնահատկություն. Սերժ Սարգսյանը փորձում էր միջազգային հեղինակավոր հարթակում հնարավորինս կառուցողական լույսի ներքո ներկայացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Հայաստանի նախագահի երեկվա ելույթն առավելագույնս հասցեագրված էր Հայաստանի լսարանին` ներքաղաքական գործոններով պայմանավորված ավելի կարծր շեշտադրումներով:
«Մենք պատրաստ կլինենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եթե այս գիտակցումը լինի նաև թուրքական կողմի մոտ: Եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել, իսկ մինչ այդ մենք կաշխատենք զարգանալ այնպես, ինչպես մինչև հիմա էինք զարգանում առանց Թուրքիայի հետ ունենալով դիվանագիտական հարաբերություններ»,-երեկ ընդգծել է Սերժ Սարգսյանը: Նախագահի ելույթի այս հատվածը որոշակի հետևությունների տեղիք է տալիս` նաև ծնելով հարցադրումներ: Կարելի է ենթադրել, որ այս պահին պաշտոնական Երևանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ նոր առաջարկություններ չունի, նույնիսկ այդ ուղղությունն առաջնահերթ չի համարում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ:
Համենայն դեպս, այդպիսին է Սերժ Սարգսյանի խոսքի ակնարկը և անհասկանալի է մնում անգամ, թե ո՞ւմ կողմից է նա նոր առաջարկներ սպասում` Թուրքիայի՞, որը տեսականորեն ավելի ժողովրդավարական և կանխատեսելի կարող է դառնալ 2019-ի նախագահական ընտրություններից հետո, թե՞ միջազգային հանրության, որի օրակարգում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այս պահին ակնհայտորեն առաջնահերթություն չէ:
Չի բացառվում նաև, որ Սերժ Սարգսյանը կամ Հայաստանի իշխանությունները նույնիսկ ունեն որոշակի պատկերացումներ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի մասով, սակայն դրանք չեն հրապարակայնացնում` սպասելով միջազգային ավելի բարենպաստ կոնյուկտուրայի կամ իրավիճակի որակական փոփոխության Թուրքիայում:
Մյուս կողմից` շատ հնարավոր է Հայաստանը հետդարձ է կատարում ելման կետին, այսինքն` հայտնի այն մոտեցմանը, որ Հայաստանը «վագրի թռիչք» կարող է իրականացնել անգամ շրջափակման պայմաններում: «Առանց Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների» զարգացման հնարավորությունը երեկ զարգացրել է նաև Սերժ Սարգսյանը: Իհարկե, այստեղ առաջանում են օբյեկտիվ հարցեր, որովհետև առնվազն փոխկապակցված են երկրի ներքին և արտաքին քաղաքականությունները:
Արդյո՞ք արտաքին քաղաքականության մեջ ելման կետին վերադառնալը ենթադրում է գործող օլիգոպոլ համակարգի ստատուս-քվոյի ամրագրում, որովհետև հայաստանյան արատավոր մոդելի գոյությունը մեծապես պայմանավորված է նաև հակամարտությունների և փակ սահմանների առկայությամբ:
Թե՞ հակառակը` այս պարագայում Հայաստանն իրապես փորձելու է ընդօրինակել Իսրայելի փորձը և փակ սահմանները լրացուցիչ մոտիվացիա են դառնալու, որպեսզի երկրի ներսում ավելի մրցունակ ու բաց համակարգ ստեղծելով` մեծացվի Հայաստանի արտաքին պոտենցիալը, միջազգային սուբյեկտությունը: Այս երկընտրանքի պատասխանը տակավին չունենք, որովհետև Սերժ Սարգսյանի նոր հնարավոր իշխանության քաղաքական առաքելությունը դեռ մշուշապատ է:










































