Իրանի ու Իսրայելի դիվանագետները մասնակցել են գաղտնի հանդիպմանը, որտեղ քննարկվել են մերձավորարևելյան տարածաշրջանում միջուկային զենքի արգելման վերաբերյալ համաժողովի անցկացման հեռանկարները՝ հաղորդում է լիբանանյան Daily Star թերթը:
Ըստ պարբերականի տվյալների՝ Մերձավոր Արևելքի մի քանի երկրների պատվիրակությունների հանդիպումը կայացել է նոյեմբերի 2-ին՝ շվեյցարական Գլիոն քաղաքի հյուրանոցում: Ո՛չ իրանական, ո՛չ իսրայելական կողմերը պաշտոնապես չեն հաստատել բանակցությունների անցկացման փաստը:
Թերթը նշում է, որ իսրայելցիները չեն շփվել իրանցիների ու արաբական ներկայացուցիչների հետ դեմ առ դեմ, այլ միայն ներկայացրել են պաշտոնական դիրքորոշումն ընդհանուր հավաքի ժամանակ:










































