Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել «Էրգենեկոն 2»-ի հերթական դատալսումը։ Այդ գործի շրջանակներում ձերբակալված թուրքական ոստիկանության հատուկ գնդի նախկին հրամանատար Իբրահիմ Շահինը պարզաբանումներ է տվել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ II Մութաֆյանի դեմ պլանավորած մահափորձի կապակցությամբ։
Նրան հարցրել են՝ արդյո՞ք նա թշնամաբար է տրամադրված պատրիարքի դեմ։ Իբրահիմ Շահինը «հերքել» է դա՝ նշելով. «Այդպիսի բան չկա։ Ես տարբեր թերթերից պարբերություններ էի հանում, որպեսզի գիրք գրեի: Այդ նյութերը կապված էին իմ գրքի հետ»։
Հիշեցնենք, որ Իբրահիմ Շահինի ձերբակալությունից հետո ոստիկանությունը խուզարկել էր նրա տունը և հայտնաբերել ահաբեկումների մի շարք պլաններ, որոնց թվում էին ոչ միայն Պոլսո հայոց պատրիարքի, այլև Սըվազի հայերի կրոնական առաջնորդ Մինաս Դուրմազգյուլերի, ալևիների ֆեդերացիայի նախագահ Ալի Բալքըզի մահափորձերը, ինչպես նաև Անկարայի առևտրի կենտրոնի պայթեցումը։