ԵԽ-ի կայքում այսօր հրապարակվել է Ընդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության Եվրոպական հանձնաժողովի (ECRI)՝ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցը։ Դրանում նշված է, որ Ադրբեջանը հետևողականորեն ձևավորում է հայի բացասական կերպարը:
«Ադրբեջանը թե՛ պաշտոնապես, թե՛ ԶԼՄ-ների միջոցով շարունակ բացասական հիշատակումներով է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը, ինչը հանգեցնում է հայազգի մարդկանց բացասական ընկալմանը, որոնք խտրականության ենթարկվելու առումով համարվում են խոցելի:
ECRI-ն ադրբեջանական իշխանություններին կոչ է անում ակտիվ աշխատանքներ տանել իրենց իրավասության տակ գտնվող հայերի նկատմամբ վերաբերմունքը փոփոխելու ուղղությամբ: ECRI-ն ընդգծում է, որ Ադրբեջանի բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է հստակ դիրքորոշում որդեգրեն ռասիզմի, խտրականության և այլատյացության ցանկացած դրսևորման դեմ, և հստակ քաղաքական ազդանշան ուղարկեն հավասարության ու բազմակարծության օգտին։
Բացի այդ, հայերին առնչվող հարցերը քննարկելիս նրանք պետք է զերծ մնան բացասական շեշտադրումներից: Ադրբեջանում կան հայազգի մարդիկ, որոնք խորհրդային անձնագրի փոփոխման ժամանակ չեն դիմել ադրբեջանական անձնագիր ստանալու համար, և դե-ֆակտո, այսօր նրանք հանդիսանում են քաղաքացիություն չունեցող անձինք։ Նրանք չեն կարողանում իրենց իրավունքները պաշտպանել որպես Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ:
Հայազգի մարդիկ ամեն օր կանգնած են խտրականության ենթարկվելու վտանգի առջև: Որոշները, ովքեր ծնվել են հայ-ադրբեջանական խառնամուսնությունների արդյունքում, ստիպված են վերցնել իրենց ադրբեջանցի ծնողի ազգանունը՝ պաշտոնական մարմինների հետ շփման ժամանակ խնդիրներից խուսափելու համար»։