Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանը չի համաձայնում ալմա Աթիի հռչակագիրը դնել Խաղաղության պայմանագրի սկզբունքների շարքում: Ըստ Միրզոյանի, եթե Ադրբեջանը համաձայնի դրան, ապա հնարավոր կլինի պայմանագրի հարցում գրանցել զգալի առաջընթաց, թեեւ դա մմիակ անհամաձայնությունը չէ: Ինչու՞ է Բաքուն հրաժարվում Խաղաղության պայմանագրի հիմքում դնել այդ սկզբունքը:
Ընդ որում, այն, որ Բաքուն հրաժարվում է դրանից, ակնառու էր նույնիսկ ապրիլի 19-ին արված հայ-ադրբեջանական համատեղ հայտարարության տեքստից, որտեղ, չայած ամրագրմանը, որ սահմանազատման գործընթացում հիմք են դիտարկում Ալմաթին, այդուհանդերձ նշվում էր վերապահում: Վերապահումն այն մասին էր, որ կողմերը սահմանազատման գործընթացի հիմքում կդնեն այլ սկզբունք, եթե Խաղաղության պայմանագրի գործընթացում ամրագրվող սկզբունքը լինի այլ:
Դեռեւս այդ ժամանակից ուշադրության եմ արժանացրել այդ վերապահումը, հարցադրումով, թե ո՞րն է դրա նպատակը: Նվազագույնը ակնառու է, որ Ադրբեջանը կամ փորձելու է շատ ավելի մեծացնել նաեւ Խաղաղության պայմանագրում Ալմաթին ամրագրելու գինը, կամ ունի բոլորովին այլ նպատակ եւ ապրիլի 19-ի հատվածային համաձայնության հաշվարկով հիշատակելով Ալմաթին՝ տվյալ հատվածում իր ցանկացածը ստանալով, Բաքուն մտադիր է հետագայում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում հրաժարվել Ալմաթիից՝ ըստ նպատակահարմարության:
Փաստացի, Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունը ըստ էության հաստատում է այն մտահոգություններն ու մտավախությունները, որ կան ապրիլի 19-ի համատեղ հայտարարության առնչությամբ, վկայելով, որ խոշոր հաշվով գործընթացը շատ ավելի խրթին է, քան ներկայացվում է տեղեկատվական մակարդակում: