Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդարանում լսումներ են անցկացվելու երրորդ աշխարհի երկրներում մարդու իրավունքների ու կոռուպցիայի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ:
Դրանց մասնակցելու է Sport for Human Rights («Սպորտը հանուն մարդու իրավունքների») ընկերության համակարգող Ռեբեկա Վինսենտը: Լսումներին մասնակցելու են ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ու Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները:
Վինսենտը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ը պետք է ավելի կոշտ ձևով Բաքվից պահանջի մարդու իրավունքների պահպանում: Sport for Human Rights-ի ակտիվիստները կարծում են, որ չնայած այս տարվա մարտ-մայիսին Ադրբեջանում մի շարք քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստների ազատ արձակելուն՝ իրավիճակը գործնականում չի փոխվել և վերջին շրջանում կատարվել են նոր կալանավորումներ:
Դա տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի կողմից սահմանադրական ուղղումների վերաբերյալ հանրաքվե նախաձեռնելու հետ, որոնք պետք է մեծացնեն պետության ղեկավարի լիազորությունները:










































