Վրաստանի նախկին վարչապետ, «Միացյալ ազգային շարժման» գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիին 2 օրվա ընթացքում նոր մեղադրանքներ կներկայացվեն: Այս մասին հայտարարել է գլխավոր դատախազ Արչիլ Քբիլիշվիլին:
«Մենք նախատեսում ենք Մերաբիշվիլիին մեղադրանք ներկայացնել Գիրգվլիանիի գործով: Դա տեղի կունենա առաջիկա 1-2 օրերի ընթացքում»,- ասել է Քբիլիշվիլին:
2006-ի հունվարի 28-ին Սանդրո Գիրգվլիանին ընկերոջ՝ Լևան Բուխաիձեի հետ այցելել է Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Շարդեն» բարը։ Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների թվում բարում է գտնվել նաև ՆԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գուրամ Դոնաձեն, որի հետ էլ վիճել է Սանդրո Գիրգվլիանին: Նույն օրը հայտնաբերվել է վերջինիս անշունչ մարմինը՝ բռնի սպանության հետքերով:
Երկրի իրավապաշտպան կազմակերպությունները մի քանի անգամ հայտարարել են սպանության ոչ արդյունավետ հետաքննության մասին՝ նշելով, որ հետաքննությունը թաքցրել է հանցագործների և ՆԳՆ-ի միջև կապը:










































