ԱՄՆ-ն Կիևին տրամադրել է 260 միլիոն դոլարի ռազմական օգնություն, բայց իրականում այդ սարքավորումների և տեխնիկայի մի մասը խլամ է, գրում է Washington Post-ը:
Օրինակ՝ 120 մարդուց բաղկացած ուկրաինական բանակի ստորաբաժանումը Պենտագոնից ստացել է մեկ հատ զրահաբաճկոն, այն էլ այն տեսակի, որն ԱՄՆ-ն դադարել է օգտագործել 2000 թվականի կեսերից:
Բացի այդ, Դոնեցկում ուկրաինական ուժայիններն օգտագործում են ամերիկյան HMMWV (Humvee) ռազմական մեքենաներ` 1980-90-ականների արտադրության: Որոշ մեքենաներում տեղադրված են պլաստիկ դռներ և պատուհաններ, որոնք ոչ մի պաշտպանություն չեն ապահովում: Անվադողերն արագ պատռվում են, իսկ Humvee մեքենաների նոր անվադողը Ուկրաինայում արժե մոտ 1000 դոլար:
Այդ ամենն ուկրաինական բանակում առաջացնում է ԱՄՆ-ի նկատմամբ անվստահություն: «Եթե ամերիկացիները պատրաստվում են մեզ սարքավորում մատակարարել, թող մեզ վրա դուրս չգրեն սեքնդ-հենդը»,- ասել է ուկրաինական հրամանատարը:
Պենտագոնում հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկատվությունը, սակայն պաշտոնապես հայտարարել են, որ ԱՄՆ-ն շարունակելու է առաջվա նման Ուկրաինային տրամադրելու ռազմական սարքավորումներ և օգնելու զինծառայողների վերապատրաստմանը: