Սիրիայի իշխանությունները համաշխարհային հանրությանը կոչ են արել պաշտպանել հնամենի Պալմիրան ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամակն պետություն) ահաբեկչական խմբավորման հարձակումներից: Այս մասին գրում է TASS-ը:
Նշվում է, որ Հնությունների հարցով Սիրիայի դեպարտամենտը հանդես է եկել «մշակութային աղետի մասին» նախազգուշացմամբ, եթե «ԴԱԻՇ-ի գրոհայինները զավթեն Պալմիրան»:
«Ներկա պահին ԴԱԻՇ խմբավորման հետ մարտեր են ընթանում Պալմիրայի արևելյան մատույցներում` պատմական քաղաքի ավերակների մերձակայքում»,- ասել են ականատեսները:
«Պալմիրային կողոպտված ու ոչնչացված լինելու իրական վտանգ է սպառնում` ինչպես դա տեղի ունեցավ Իրաքում Նիմրուդ քաղաքի հետ»,- կարծում է Մարդու իրավունքներին հետևող մոնիթորինգի սիրիական կենտրոնի ղեկավարներից Ռամի Աբդերրահմանը: Նրա խոսքերով` ծայրահեղականները նպատակադրված հարձակվում են Պալմիրայի վրա, որպեսզի սկսեն հին քաղաքում մնացած անգին արտեֆակտների կողոպուտը, ապա ավերեն այն:
Հիշեցնենք, որ Պալմիրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային ժառանգության հուշարձան է ճանաչվել:










































