2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 4.0% գնաճ, ինչը հիմնականում մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 5.3-31.2% գնաճի արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 12-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-31.2% գնաճ, իսկ մեկում` շաքարավազում՝ 5.0% գնանկում:
ԱՎԾ տվյալներով՝ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.3% գնանկում, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ`31.2% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է լոլիկի` 39.3%, կաղամբի` 46.0%, վարունգի` 57.9%, կանաչ պղպեղի` 2 անգամ, սմբուկի`3.3 անգամ գնաճով:
Մրգի ապրանքախմբում 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.8% գնանկում, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ`5.3% գնաճ: Դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կիտրոնի գինն աճել է 1.0%-ով, ադամաթզինը`5.5%, խնձորինը`7.2%-ով, խաղողինը` 10.5%-ով, նռանը`19.0%-ով, տանձինը` 22.9%-ով, արքայանարնջինը`36.2%-ով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է մանդարինի`17.1%, նարնջի`14.6% գնանկում:
Ձվի հանրապետական միջին գինը 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 1.9%-ով, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ`գրանցվել է 3.8% գնաճ:
Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.8%, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ`1.8% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կարագի` 2.7%, եգիպտացորենի և ձիթապտղի բուսական յուղերի`համապատասխանաբար 1.9% և 4.8% գնաճով:
2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ հացամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 11.5%, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ`1.1% գնաճ: Վերջինս հիմնականում բրնձի`2.0%, ոլոռի` 2.4%, ալյուրի` 3.4%, սպիտակաձավարի` 11.2% գնաճի արդյունք է: 2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է առաջին և բարձր տեսակի հացերի` համապատասխանաբար 0.2% և 0.4%, հացահատիկի` 0.5%, մակարոնեղենի` 0.6%, հնդկացորենի 0.7%, լավաշի` 0.8% գնաճ:










































