Ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է. «Իմ մեջ նպատակը զարգացավ վերջին տարիներին: Ամերիկայում այնպես էլ հեշտ չի հաստատվել որպես նկարիչ: Որոշ շրջանից հետո դարձյալ վերադառնում ես քո ակունքներին, հիշում ես, որ ունես նաև պարտավորություններ, որպեսզի քո հայրենիքում էլ ցուցահանդես ունենաս, այդ ցանկությանը ընդառաջես:
Մենք որոշել էինք ցուցահանդես տալ անցած տարի, բայց տարբեր պատճառներով հետաձգվեց այս տարի, որն ավելի հետաքրքիր դարձավ՝ համընկնելով համագումարի հետ:
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Ի՞նչ է Սփյուռքը Հայաստանի համար, և ի՞նչ է Հայաստանը Սփյուռքի համար:
-Իմ կարծիքով՝ Սփյուռքը Հայաստանի հոգին է, իսկ հայրենիքը Սփյուռքի մարմինն է: Դրանք միասին կարող են ապրել, շնչել ու գործակցել: Առանց հայրենիքի Սփյուռք գոյություն չունի: Առանց Սփյուռքի հայրենիք կարող է գոյություն ունենալ, բայց նույնը չի կարող լինել: Համագործակցությունները շատ սերտ են՝ հանձին նախարար Հրանուշ Հակոբյանի, որին ես այդ կառույցում միակ նախարար եմ պատկերացնում իր վերաբերմունքով, մայրական, հայրենասիրական ըմբռնումով աշխատանքի նկատմամբ: Հարաբերությունները լավ են և սերտ են, միշտ էլ կապը կա հայրենիքի և Սփյուռքի միջև:
-Բացի այդ գումարներից, որ Սփյուռքը Հայաստանին տալիս է, ի՞նչ պատասխանատվություն է կրում հայրենիքի համար: Տպավորություն կա, որ շատ հաճախ Սփյուռքը իր հայրենիքը համարում է ոչ թե սա, այլ Արևմտյան Հայաստանը:
-Դա շատ բարդ հարց է, և պատասխանելու համար երևի թե ես մի քանի շրջանցումներ պետք է անեմ: Ինչպես ասացի՝ Սփյուռքը Հայաստանի հոգին է, և եթե ներդրումներ են լինում Սփյուռքից Հայաստանին, դա բոլորովին արդարացված է և ճշմարիտ: Դա պետք է ավելի հաճախ լինի, ավելի մեծ չափերով ու մասշտաբներով: Արևմտյան Հայաստանը մեր երազների, մեր երևակայության Հայաստանն է, որն ամրացնում է մեր հավատը մեր մշակույթի և մեր գեների հանդեպ: Իսկ Հայաստանը մեր հարազատ, ռեալ հայրենիքին է: