Սմարթֆոնների մատակարարումները համաշխարհային շուկա 2014-ի երկրորդ եռամսյակում առաջին անգամ գերազանցել են 300 մլն միավորը: Այս մասին է վկայում IDC վերլուծական ընկերության հաշվետվությունը:
IDC-ի տվյալներով՝ սմարթֆոնների մատակարարումներն անցած տարվա համեմատ աճել են 25 տոկոսով և կազմել 301.3 մլն սարք: Երկու խոշորագույն օպերացիոն հարթակներին՝ Android-ին և iOS-ին, բաժին է ընկել համաշխարհային մատակարարումների 96.4 տոկոսը:
Եռամսյակում վաճառված Android սմարթֆոնների թիվն ավելացել է 1/3-ով՝ հասնելով 255.3 միլիոն սարքի կամ մատակարարումների ողջ ծավալի մոտ 85 տոկոսի: Խթան է հանդիսացել 200 դոլարից էժան սարքերի մատակարարումների ակտիվացումը:
Չնայած Apple-ին հաջողվել է մատակարարումները ավելացնել՝ հասցնելով 35.2 մլն սարքի, նրա մասնաբաժինը համաշխարհային մատակարարումներում նվազել է՝ հասնելով 11.7 տոկոսի:
Windows Phone ՕՀ-ով սմարթֆոնների մատակարարումները երկրորդ եռամսյակի արդյունքներով գնահատվել են 7.4 մլն սարք կամ շուկայի 2.5 տոկոսը: