Եթե Իսրայելը պարզի, որ «Հըզբոլլահի զինյալները փորձում են ձեռք բերել Սիրիայի քիմիական զենքը, արձագանքը կհետևի անմիջապես: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նման հայտարարություն է արել Իսրայելի արտգործնախարար Ավիգադրո Լիբերմանը տեղի ռադիոկայանի ուղիղ եթերում:
«Մեզ համար դա casus belli է («պատերազմի առիթ».- 1in.am)»,- ասել է նա:
Նրա խոսքերով՝ սիրիական քիմիական զենքի՝ ծայրահեղականների ձեռքում հայտնվելու հեռանկարը «իրական խնդիր է»:
Իսրայելի գնահատականներով՝ Սիրիայի իշխանություններն այս պահին վերահսկում են քիմիական զենքի պահեստները:
Լիբերմանը հայտարարել է, որ այդ հարցում իր դիրքորոշման մասին Իսրայելը տեղյակ է պահել ԵՄ-ին, ԱՄՆ-ին, ՄԱԿ-ին և Ռուսաստանին և հույս հայտնել, որ Սիրիայի իշխանությունները հասկանում են իրենց մտադրությունների լրջությունը:
«Եթե Իսրայելը հայտնաբերի, որ սիրիական քիմիական զենքը ուղարկվում է Լիբանան՝ «Հըզբոլլահին», ապա մենք կգործենք անհապաղ և ամբողջ ուժով»,- ասել է արտգործնախարարը:
Վերջին շրջանում Իսրայելի քաղաքական առաջնորդները բազմիցս նախազգուշացրել են, որ հնարավոր է՝ միջոցներ ձեռնարկեն Սիրիայի քիմիական զենքի վրա վերահսկողությունը պահպանելու համար:









































