Իրանական Press TV-ի փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերն լիովին ունակ են ապահովել Մերձավոր Արևելքի անվտանգությունը: Այս մասին երեկ հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին:
Վերջինս հավելել է, որ Իրանի ռազմածովային ուժերը ավելացրել են տարածաշրջանում անվտանգության ու զսպման հզորությունը՝ հենվելով մարդկային արդյունավետ ռեսուրսների վրա:
Նշվում է, որ նախորդ տարվանից սկսած՝ Իրանի ռազմածովային ուժերը ընդլայնում են միջազգային ջրերում իրենց ներկայությունը: Ներկայումս իրանական նավերը ծավալվել են Հնդկական օվկիանոսում և Աֆրիկյան եղջյուրի շուրջ: Իսկ 2011 թվականի փետրվարին Իրանն առաջին անգամ երկու ռազմանավ Սուեզի ջրանցքով ուղարկեց Միջերկրական ծով:
Ծովահենների դեմ պայքարելու համար իրանական նավատորմն իր գործունեությունը ծավալել է նաև Ադենի ծոցում: Իրանը նաև պլանավորել է, որ մոտ ապագայում իր ռազմանավերը հայտնվելու են Ատլանտյան օվկիանոսում:











































