Լեհաստանի Դոլնոշլենսկի շրջանի «Տուրուվ» ջերմաէլեկտրակայանում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Itar-Tass-ը` հղում անելով տեղի հրշեջ ծառայությանը:
Դեպքը տեղի է ունեցել գիշերը` առաջին էներգաբլոկում: Պայթյունից հետո բռնկվել է հրդեհ:
«Այրվել են առաջին և երկրորդ էներգաբլոկները, որոնց բարձրությունը հասնում է 40 մետրի: Սպառնալիքի տակ է եղել նաև ավելի բարձր` երրորդ էներգաբլոկը»,- հայտնել է հրշեջ ծառայության մամլո քարտուղար Քշիշտոֆ Գելսան:
Նրա խոսքով` պայթյունի հետևանքով էլեկտրակայանի 4 աշխատակիցներ հոսպիտալացվել են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ինչպես նշել է էլեկտրակայանի տնօրեն Ռոման Վալկովյակը, միջադեպի պատճառը ածուխային փոշու պայթյունն էր: Նա վստահեցրել է, որ բլոկները լուրջ վնաս չեն կրել, և սպառողները չեն բախվի էներգիայի մատակարարման խնդիրներին:
«Տուրուվ» ջերմաէլեկտրակայանը աշխատում է ածխով: Այն կազմված է 8 էներգաբլոկներից: 2010 թվականի տվյալներով` ջերմաէլեկտրակայանը արտադրում է երկրի ողջ էլեկտրաէներգիայի 7 տոկոսը:









































