Հանրապետության նախագահի կողմից արդեն հավանություն ստացած՝ Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը տվեց իր մեկնարկը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և նախարարի 4 տեղակալները այս պահին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված քննարկմանը ներկայացնում են ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրի բուն էությունը և նախատեսվող քայլերը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով` ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի և դատական իշխանության ապահովումը: «Այս ծրագրի իրականացումը ՀՀ իշխանությունների պարտքն է, իսկ ծրագրում արտահայտված են բոլոր այն խնդիրների հստակ լուծումները, որոնք այսօր իրապես կան հանրապետության իրավական և դատական համակարգերում»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Նշենք, որ ծրագիրը ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են, մասնավորապես, քրեական, քաղաքացիական, վարչական արդարադատությունը, դատական համակարգը, դատախազությունը, փաստաբանության և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ոլորտները, որոնցից յուրաքանչյուրում առկա խնդիրների լուծման համար նախատեսված են ինչպես օրենսդրական, այնպես էլ իրավակիրառական բնույթի միջոցառումներ:
ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանի խոսքով` յուրաքանչյուր միջոցառման համար սահմանված են իրականացման ժամկետներն ու պատասխանատու մարմինները, ինչպես նաև այն ցուցանիշները, որոնց առկայությունը կվկայի միջոցառման հաջող իրագործման մասին:








































