2012 առաջին կիսամյակի գնահատականներով՝ էկոնոմիկայի նախարարության իրականացրած աշխատանքը դրական է և լավատեսական: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
«Տնտեսություն մեջ դրական փոփոխություններ են տեղի ունենում, որոնք ընթանում են մակրոտնտեսական դրական ֆոնի վրա: Ընդհանուր առմամբ, կիսամյակն ավարտում ենք 7.8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով: Բավական մեծ առաջընթաց ունենք գյուղատնտեսության, արտահանման ոլորտներում: Լավ է զարգանում ծառյությունների ոլորտը, ոչ այնքան՝ շինարարությանը: Դրական առաջընթաց կա նաև ՏՏ ոլորտում, որն այսուհետ համակարգվելու է էկոնոմիակայի երկու փոխնախարարների կողմից: Մենք այս ասպարեզը համարում ենք տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկը: Մի քանի տարի անց կունենանք տեխնոլոգիական կենտրոնների ցանց»,- նկատեց նախարարը:
Տիգրան Դավթյանի խոսքով՝ ընթացիկ տարվա ընթացքում ականատես կլինենք նոր, միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ձեռնարկությունների ու հզորությունների գործարկման: «Շուրջ վեց տասնյակ ձեռնարկությունների տրամադրում ենք անմիջական վարկավորման, խթանող այլ մեխանիզմներ: Արդեն աշնանը կգործարկվի առաջին ազատ տնտեսական գոտին, ստացվում են ներդրողների մասնակցության առաջին հայտերը: Մեծ աշխատանքներ են տարվում նաև ներդրումային մթնոլորտի ձևավորման ուղղությամբ: Ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում փոքր և միջին ձեռնարկություններին աջակցման մասով»,- ասաց նա:
Տիգրան Դավթյանը հույս հայտնեց, որ դրական դինամիկան կդրսևորվի և կպահպանվի տուրիզմի բնագավառում: «Առաջիկայում Հայաստանում կներկայացվեն հյուրանոցային հինգ-վեց լավագույն բրենդեր, որոնք զբոսաշրջային զարգացման ուրույն գործոն կդառնան»:










































