Կահիրեի միջազգային օդանավակայանում այսօրվանից սկսել են պաղեստինցիներին Եգիպտոսի տարածք թողնել առանց մուտքի արտոնագրի և անվտանգության ծառայությունների կողմից ստուգում անցնելու: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` հղում անելով օդանավակայանի տնօրինությանը:
Ինչպես նշում է գործակալությունը, դա պաղեստինցիներին թույլ կտա ազատորեն լքել Գազայի հատվածը: Եգիպտոսը միջնորդ է հանդիսանում պաղեստինյան ճամբարների` ՀԱՄԱՍ-ի իսլամիստների (նրանք 4 տարի ղեկավարում են Գազայի հատվածը` չնայած քաղաքական պատժամիջոցներին ու տնտեսական շրջափակմանը) և ՖԱԹՀ շարժման` Աբասի կողմնակիցների (միջազգային հանրության աջակցությամբ նրանք հսկողություն են իրականացնում Հորդանան գետի արևմտյան ափին) միջև երկխոսության:
Իսրայելի հետ միասին Եգիպտոսը պատժամիջոցներ էր կիրառել Գազայի հատվածի դեմ` ի պատասխան 2007-ի իսլամիստական հեղաշրջման: Վերջին տարիներին սահմանային արգելափակման ռեժիմը զգալիորեն մեղմացել է, սակայն մինչ օրս վերջնականապես չի հանվել:










































