Վաղ առավոտյան Սինայի թերակղզում գազատար է պայթեցվել, որը նախատեսված է Հորդանան և Իսրայել մատակարարել եգիպտական գազը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: 2011-ից ի վեր սա արդեն 15-րդ հարձակումն է գազատարի վրա:
Ոստիկանության տվյալներով` հանցագործները մեքենայով մոտեցել են գազատարի ճյուղավորման հատվածին, որը գտնվում է Էլ-Արիշ քաղաքից արևելք, խողովակի տակ փոս են փորել, որտեղ տեղադրելով պայթուցիկ սարքը` հեռակառավարմամբ պայթեցրել: Պայթյունը լսելի է եղել 30 կմ հեռավորությունից:
Ահաբեկչության պատասխանատվությունը առայժմ ոչ ոք չի ստանձնել:
Սինայի թերակղզու հյուսիսային հատվածը, որը սահմանակից է պաղեստինյան Գազայի հատվածին, անվտանգության տեսանկյունից համարվում է Եգիպտոսի առավել խոցելի շրջաններից մեկը: Այնտեղ գործում են մաքսանենգների հանցախմբեր, որոնք զբաղվում են զենքի անօրինական փոխադրումներով:











































