Այսօր՝ հուլիսի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 8.30-ի սահմաններում Սյունիքի մարզի Շաքի համայնքի ղեկավար 55-ամյա Վաղինակ Առաքելյանը, վարելով «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 053 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 170-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com-ին հայտնել է, որ վթարի հետևանքով Վ. Առաքելյանն ու ուղևորներ՝ նույն համայնքի բնակիչներ 33-ամյա Սեյրան Օհանյանը, 40-ամյա Մխիթար Գալստյանը և 45-ամյա Արշակ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի «Ազիտուի» հոսպիտալ:
Գ. Շամշյանը հայտնել է, որ Վ. Առաքելյանը Շաքի համայնքի ղեկավարն է, իսկ վթարի ենթարկված «Միթսուբիշի Պաջերոն» պատկանում է համայնքին, սակայն ամրակցված է նրան: Մինչ դեպքի վայր կժամաներ Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը, ավտոմեքենան վթարի վայրից տարել էին, սակայն ոստիկանները հայտնաբերել և այն տեղափոխել են Ոստիկանության Սիսիանի բաժնի հատուկ պահպանման տարածք: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Սիսիանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի


















































