Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Հրանտ Դինքի սպանության գործը վարած դատախազ Մուամմեր Աքքաշն այսուհետ քննելու է «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության գործը: Աքքաշը քննելու է տվյալ գործի շրջանակներում հեղաշրջման կազմակերպման փորձերը:
Հրանտ Դինքի սպանության դատավճռին իր անհամաձայնությունը հայտնած դատախազ Հիքմեթ Ուսթան էլ իր պարտականությունները կկատարի Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 13-րդ դատարանում:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Հիքմեթ Ուսթան իր անհամաձայնությունն էր հայտնել Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանին՝ կապված Դինքի սպանության վերաբերյալ նրա հրապարակած հիմնավոր որոշման հետ, որում ասվում էր, որ ապացույցներ չկան, թե Դինքի սպանության հետևում կանգնած է հանցավոր խումբը:
Հիքմեթ Ուսթան կարծում է, որ Հրանտ Դինքին սպանել է հենց «Էրգենեկոն»-ը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Դինքի սպանության գործով անցնող կասկածյալները հանդիսանում են նաև «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության գործով անցնող կասկածյալներ, ինչը և խոսում է Դինքին սպանելու նրանց դրդապատճառների մասին:











































