Սիրիահայերի զանգվածային ներհոսքի վերաբերյալ Հայաստանի կառավարությունը ՄԱԿ չի դիմել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցիչ պարոն Դամտյու Դեսալեյնեն՝ պատասխանելով հարցին, թե սիրիահայ փախստականներին հայաստանյան կյանք ներգրավելու ուղղությամբ ի՞նչ ծրագրեր է իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:
Ըստ նրա` գրանցված է սիրիահայ փախստական ընդամենը 6 ընտանիք, այսինքն` 14 սիրիահայ փախստական: Նա նշեց, որ 1000-ից ավելի սիրիահայեր գալիս են հայկական անձնագիր տանալու՝ երկքաղաքացիության հիմունքներով, բայց գրանցված փախստականները 14-ն են:
«Եթե կան փախստականներ, մենք աջակցում ենք, հատուկ ծրագրեր չունենք, գալիս են, գրանցվում են որպես փախստական, եթե անհրաժեշտ է լինում աջակցել, մենք աջակցում ենք: Հիմա միայն 6 ընտանիք է գրանցված որպես փախստական»,- մեկնաբանեց Դամտյու Դեսալեյնեն` հավելելով, որ ցանկացած երկրից եկող փախստականներին ընդունելու պատասխանատվությունն առաջին հերթին այդ երկրի կառավարության վրա է: Նրա խոսքով` եթե պետությունը խնդրում է աջակցություն, ՄԱԿ-ն աջակցում է, սակայն մինչև այս պահը սիրիահայերին աջակցելու խնդրանքով կառավարությունը չի դիմել:
«Մենք այդ հարցը կքննարկենք, եթե լինի կառավարության խնդրանք»,- նկատեց պարոն Դամտյու Դեսալեյնեն:
Հիշեցնենք, որ պայմանավորված այս օրերին Սիրիայում տեղի ունեցող բախումներով, սիրիահայեր են վերադառնում Հայաստան, արդեն բազմաթիվ կազմակերպություններ հանդես են եկել ի աջակցություն սիրիահայերի և հայտնել են օգնելու իրենց պատրաստակամությունը:











































